Լուրի մոնիտորինգը և հետադարձ կապը
Լրագրության ասպարեզում մշտապես առկա է կարևոր մի հիմնահարց` նյութի որակի բարձրացումը, ինչին անհնար է հասնել` առանց մոնիտորինգի` այսինքն` գործընթացի իրականացման, ձեռքբերումների և արդյունքների պարբերական ուսումնասիրության և վերահսկման: Ամեն մի լրագրողական արտադրանք թողարկելուց հետո պետք է անհապաղ վերլուծել կատարած աշխատանքը և պատասխանել մեկ հիմնական հարցի` «Աշխատանքի արդյունքում նկատվու՞մ է որևէ առաջընթաց»:
Մոնիտորինգի ընթացքում առհասարակ ուսումնասիրվում են.
ներդրված ռեսուրսների արդյունավետ օգտագործումը
գործընթացի իրականացումը
ստացված արդյունքները
ստացված արդյունքների ազդեցությունը
ԶԼՄ մոնիտորինգը տվյալ ընկերությանը հնարավորություն է տալիս մշակել սեփական ռազմավարությունը` ուղղելով նախկին սխալները:
Ինտերնետային կայքերում ամեն օր հազարավոր մարդիկ գրում են տվյալ կայքի կամ նրա մրցակից կայքի մասին, և, կախված այն բանից, թե ինչպես է հիշատակվում տվյալ ԶԼՄ-ի անունը` ձևավորվում է հասարակական կարծիք:
Այսպիսով` կարելի է առանձնացնել լուրի մոնիտորինգի անցկացման հետևյալ տեսակները.
մարքետինգային_ հանդես է բերում սպառողի վերաբերմունքն արտադրանքին
լսարանային_ բացահայտում է նախասիրություններ և հետաքրքրություններ
տագնապային_ գտնում է արտադրանքի հանդեպ ընթերցողի ցուցաբերած տագնապային վերաբերմունքի պատճառները
իրադրային_ պարզում է նոր արտադրանքի հանդեպ ընթերցողների արձագանքները
որոնողական_ որոնում է պոտենցիալ սպառողների
Իսկ ի՞նչ է տալիս մոնիտորինգը տվյալ ԶԼՄ-ին:
Նախ, ինչպես արդեն նշեցի, պատասխանում է ամենակարևոր հարցերից մեկին` «Ի՞նչ է մտածում սպառողը տվյալ արտադրանքի մասին»: Սա, թերևս, մտահոգում է յուրաքանչյուր լրագրողի: Մոնիտորինգի անցկացման արդյունքում նաև հնարավոր է պարզել մրցակից ԶԼՄ-ների սպառողների կարծիքը թե′ քո, թե′ վերջիններիս արտադրանքի մասին, վերլուծել մրցակից սպառողների ակտիվության աստիճանը մեդիաներում: Այս գործոնները դրդում են ԶԼՄ-ին բարձրացնել աշխատանքի որակը` իր և մրցակցի արտադրանքների միջև կատարելով համեմատական վերլուծություն:
Եվ վերջապես` մոնիտորինգը նպաստում է սպառողների հետ հետադարձ կապի` (feedback-ի) ապահովմանը, այսինքն` սուբյեկտի ռեակցիային ինֆորմացիոն օբյեկտին:
Լուրի հետադարձ կապը ԶԼՄ-ներն ապահովում են փոստի, (նամակաների) թեժ գծերի, ինտերակտիվ հարցումների և քվեարկության, լսարանի անկետավորման (կոնֆերենցիաների ժամանակ) բլոգների, ֆորումների, FAQ համակարգի (հարց-պատասխան`online սիստեմով) և այլ միջոցներով:
Ըստ էության` կայքին հյուրընկալվելն արդեն իսկ հետադարձ կապի ապահովման գրավական է (նույնիսկ եթե հյուրը չի մասնակցում մեկնաբանություններին): Իսկ եթե հյուրը, օրինակ, պատասխանում է հարցումների, լուրին տալիս է գնահատական, փոխանցում է այն այլ user-ների` հաղորդակցությունը դառնում է ինտերակտիվ:
Ամերիկացի քաղաքագետ Լասսվելլն առանձնացնում է լուրի` հետադարձ կապի իրականացման երեք աստիճան.
երկկողմանի_ ոչ ինտերակտիվ հաղորդակցություն ( զանգեր, նամակներ)
ռեակտիվ_ երբ մի բևեռը ստանում է մյուսի արձագանքը
լիովին ինտերակտիվ_ երբ հաղորդակցման բոլոր սուբյեկտները կարող են մասնակցել տեղեկատվության փոխանցմանը:
Ակնհայտ է, որ հետադարձ կապը նպաստում է ԶԼՄ-ի ֆորումի (սոցիալական մասնակցության) ֆունկցիայի իրականացմանը:
Ժամանակակից ԶԼՄ-ները ամբողջ աշխարհում ձգտում են ամրապնդել հետադարձ կապը ինչպես լրագրող-սպառող, այնպես էլ`սպառող-սպառող հարաբերություններում: Այս միտումը Հայաստանում կարծես այնքան էլ լայն տարածում չի գտել: Ուսումնասիրելով հայկական որոշ կայքեր` (օր.`<<tert.am>>, << News.am>> ) կարելի է նկատել հետադարձ կապի ապահովմանը նպաստող հանգամանքներ` սահմանափակ քանակությամբ: Դրանցից է, օրինակ, ինչ-որ հարցի (սոցիալական նշանակության) լուծման համար հնարավոր տարբերակներ ընտրելը, ինչ-որ երևույթի հետևանքների մասին կանխատեսումներ անելը`քվեարկության միջոցով, կամ, օրինակ, բլոգերին հետևելը, ինչպես նաև` Facebook-ից, Twitter-ից, Youtoube-ից և այլ ցանցերից օգտվողների (ովքեր նաև տվյալ կայքի user-ներ են) ներբեռնումներին հետևելը:</tert.am>
Ավելի մեծ են հետադարձ կապի ապահովման հնարավորությունները արտասահմանյան (օր.`<<Комерсант.ru>>, <<Аргументы и факты.ru>> ) կայքերի դեպքում:
Հարկ է դիտարկել << Аргументы и факты.ru>> կայքը, որտեղ արվում է ամեն հնարավորը` feedback-ի հաստատման համար: Այստեղ գրանցվելու դեպքում ընթերցողը, ստեղծելով սեփական օրագիր, հնարավորություն ունի ուղիղ կապ հաստատել խմբագրության հետ, մասնակցել պարբերաբար անցկացվող մրցույթներին, առաջադրվող թեմաների քննարկումներին, կայքի մասին հայտնել սեփական կարծիքը` սեղմելով կա'մ <<գովել>> կա'մ <<հանդիմանել>> կոճակը, մասնակցել կոնֆերենցիաների` թողնելով մեկնաբանություններ, ինչպես նաև` քննարկել օրվա թեման այլ user-ների հետ: Ամենաինտերակտիվ մեթոդներից է նաև խմբագրությանը վիդեոներ, ֆոտոներ և տպագիր նյութեր ուղարկելով` user-ի համագործակցելու հնարավորությունը:
Ակնհայտ է, որ << Аргументы и факты.ru>> -ն անում է առավելագույնը` user-ների հետ հետադարձ կապի ստեղծման և ամրապնդման համար:
Հաշվի առնելով նոր կայքերի ստեղծման հաճախականությունն ու նախկին տարիների համեմատ դրանց սպառողների աճը` կարելի է ակնկալել, որ հայկական ԶԼՄ-ները ավելի մեծ ջանքեր կներդնեն խմբագրություն-ընթերցող, ընթերցող-ընթերցող կապի հաստատման և ամրապնդման համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև, որ սա կնպաստի ԶԼՄ-ների թողարկած արտադրանքի որակի բարձրացմանը և նրանց միջև առողջ մրցակցության ստեղծմանը, ապա ակնկալիքները միանշանակ արդարացվում են: